Ողջունում եմ "Արմավիր-Դար 21" կայքի այցելուներին, և հատկապես` հայազգի այցելուներին:
Երիտասարդ ու նորաստեղծ է մեր հայրենիքը` Հայաստանի Հանրապետությունը, ողջ աշխարհում սփռված բոլոր հայերի հայրենիքը, որը` որպես պետություն, երիտասարդ է, ու ինքն էլ նման է բոլոր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք կարիք ունեն հոգածության, ուշադրության, սիրո ու գուրգուրանքի:
Իսկ այդ ամենը, մենք` հայաստանաբնակ հայերս, չենք կարող տալ մեր երկրին, որովհետև մենք ընամենը մեկ երրորդն ենք աշխարահասփյուռ մեր ժողովրդի: Բայց և այնպես մենք պատրաստ ենք մեր հայրենիքին տալ մեր կյանքը, մեր գիտելիքներն ու մեր ամենօրյա աշխատանքը: Փոքր է մեր նորաստեղծ պետության հնարավորոթյունները` լուծելու այն բազում խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առաջ` երկրի ներսում` սոցիալ-տնտեսական կնճռոտ հարցերի տեսքով, Արցախն` անկախ ու ազատ պահելու ու պահպանելու տեսքով, իսկ դրսում` մեր դարավոր ճակատագրով նվեր ստացած հարևանների հետ խաղաղ գոյակցությունը պահելու ու նրանց կողմից ամեն օր, ամեն ժամ փոփոխվող քաղաքական կեցվածքին ու վարած քաղաքականությանը դիմակայելու համար:
Լինելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետը, և կրելով հսկայական պատասխանատվություն մարզի շուրջ 300 հազար ազգաբնակչության կյանքի ու սոցիալական վիճակի համար ու նաև որպես հայ մարդ ու երկրիս քաղաքացի` հասկացել եմ, որ միայն պետական լծակներով, միայն պետական բյուջեի հնարավորությունները բավարար չեն մարզն ու երկիրը շենացնելու, հարստացնելու ու մեր երազանքների հայրենիքը կերտելու համար:
Հարկ է, որ երկրի կայացմանը մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ, յուրաքանչյուր հայ քրիիստոնյա. միայն այս դեպքում նրա սիրտը կցավի տնկված յուրաքանչյուր ծառի, կառուցված յուրաքանչյուր տան և ծնված յուրաքանչյուր հայ երեխայի ապագայի համար: Մեզ հայ զգալու, մեր հայրենիքը շենացնելու, նրա զարգացման մեջ մի փոքրիկ մաս ունենալու ակնկալիքով էլ ստեղծվել է "Արմավիր-Դար 21" հիմանդրամը, որը կփորձի լուծել այն բազում խնդիրները, որոնք կուտակվել են այսօր Արմավիրի մարզում:
Կրկին ողջունելով բոլոր հայերին` հատկապես կոչ եմ անում բոլոր ծնունդով ու արմատներով արմավիրցիներին. << Մեր կայքի էջերում մտովի վերադարձեք ձեր ծննդավայրը և փորձեք ապրել նրա այսօրով, նրա մարդկանց հոգսերով ու խնդիրներով, փորձեք զգալ Ձեզ Ձեր ծննդավայրի մի մասնիկը, ու այն սիրով կընդունի Ձեզ, կհպարտանա Ձեզանով ու կմեծարի Ձեզ, որովհետև հայրենիքը նման է այն մորը, ով մշտապես պատրաստ է ընդունելու իր զավակին, որտեղից էլ նա վերադառնա, այն զավակին, ով ի վերջո հասկացել է, որ մորը չեն սիրում նրա համար, թե ինչ է կարողացել տալ նրան կյանքում, այլ նրա համար, որ կյանք է տվել իրեն: Այս պարագայում մենք միայն նման չենք լինի այն հայ զավակներին, որոնց խիղճն ու գիտակցությունը մշտապես տանջում է այն բանի համար, որ ծնողների կենդանության օրոք պատշաճ հոգածության ու ուշադրության չեն արժանացրել նրանց ու իրենց խիղճը հանգստացնելու համար նրանց մահից հետո անպատմելի շքեղ շիրիմներ են կառուցում: Հայրենիքն էլ նման է այս ծնողներին: Ուստի եկեք չլինենք այդպիսի զավակներ մեր հայրենիքի համար, և մեր սերն ու հոգածությունը, ինչպես նաև մեր պատրաստակամությունը նրա խնդիրները լուծելու ու մեր հայրենակիցների համար մարդավայել ու բարեկեցիկ կյանք ապահովելու համար մեր ներդրումը ունենանք այժմ, հիմա, հենց այս պահին. կառուցենք մի դպրոց, խմելու ջուր տանք մի գյուղի, բանուկ դարձնենք մի գյուղամիջյան ճանապարհ, բարձրացնենք մի խոնարհված եկեղեցի, հովանավորենք մի օժտված երեխայի, ով գուցեև դառնա այնպիս մեկը, որ հայտնի դարձնի մեր ազգն ու ժողովուրդը ողջ աշխարհում /չէ որ մեր պատմությունն ունի այդպիս բազում օրինակներ/:
Պահենք մեզ այն մեծանուն հայ մեկենասների նման, որոնց ջանքերով հայը հայ է մնացել, ու ժողովուրդը գոյատևել է դարերով` առանց պետություն ու պետականություն ունենալու:
Այսօր ունենք այդ պետություը, լինենք նրա կողքին սփյուռքում, լինենք նրա իսկական քաղաքացին հայրենիքում, և ես վստահ եմ` ապագան իրոք մերն է լինելու:
Սիրելի հայրենակիցներ, ամփոփելով իմ խոսքը` ուզում եմ ասել, որ "Արմավիր-Դար 21" հիմնադրամը լավ հնարավորություն է Ձեզ հայ զգալու, Ձեր լուման հայրենիքի կայացման գործում ունենալու, նաև մասնակցության Ձեր նախընտրելի եղանակը ընտրելու ու նաև վստահ լինելու, որ Ձեր ներդրումը կլինի նպատակային և, որն ամենակարևորն է, հիմնադրամը Ձեզ հաշվետու կլինի հենց այս կայքում` պարբերաբար տեղեկացնելով իրականացված բոլոր ծրագրերի, կատարված բոլոր գործերի մասին:
Սիրով, Ձեր դրական արձագանքների ակնկալիքով`
"Արմավիր-Դար 21" հիմնադրամի նախագահ`
|